«Ելք» խմբակցությունը որոշել է նախագահի թեկնածու առաջադրել պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության անդամ, տարիներ շարունակ իրավապաշտպան գործունեություն ծավալած Արտակ Զեյնալյանին: Խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը բացատրեց՝ չեն պատրաստվում «համակերպվել քաղաքական ստատուս քվոյի հետ»։ «Խնդիրն այն չէ, ոչ միայն այն չէ, թե կոնկրետ մեր առաջադրած թեկնածուն ի վերջո կընտրվի ՀՀ նախագահ կամ վարչապետ, թե չի ընտրվի: Խնդիրը բոլորովին ուրիշ է: Ինչու՞ Էդմոն Մարուքյանը ԱԺ նախագահ չընտրվեց՝ մի պարզ պատճառով, որովհետև ՀՀ քաղաքացիները ձայն են տվել, մեծամասնությամբ ընտրակաշառքով, այնպիսի պատգամավորների, որոնք դեմ են քվեարկել Էդմոն Մարուքյանին և կողմ են քվեարկել Արա Բաբլոյանին: Եվ մարդկանց ուզում ենք ցույց տալ, որ եթե իրենք այլ կերպ քվեարկեին, խորհրդարանական քվեարկությունները կունենային այլ պատկեր: Սա է մեր հիմնական ուղերձը: Մենք չենք պատրաստվում ուղղակի համակերպվել քաղաքական ստատուս քվոյի հետ»,- մանրամասնեց ընդդիմադիր գործիչը:
Փոփոխված սահմանադրությամբ հաջորդ տարվա ապրիլից երկրի առաջին պաշտոնյան ոչ թե նախագահն է լինելու, այլ՝ վարչապետը:
Նախագահին ընտրելու է Ազգային ժողովը՝ 7 տարի ժամկետով: Նախագահ կդառնա այն թեկնածուն, որ կստանա պատգամավորների ընդհանուր թվի ձայների երեք քառորդը՝ այսինքն 105-ից առնվազն 79-ի ձայները։ Եթե հանրապետության նախագահ չընտրվի, անցկացվելու է ընտրության երկրորդ, նույնիսկ՝ երրորդ փուլ։ Բայց ընտրություններից առաջ դեռ առաջադրման գործընթաց կա: Այս դեպքում նույնպես շեմ է սահմանված՝ նախագահի թեկնածուին պետք է առաջադրեն առնվազն 27 պատգամավորներ: ՈՒստի 9- հոգանոց «Ելքին» այդ գործում աջակցություն է պետք։ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ դիմելու է խորհրդարանի ընդդիմադիր ամենամեծ՝ 31- հոգանոց «Ծառուկյան» խմբակցությանը՝ Զեյնալյանի թեկնածության առաջադրման հարցով խորհրդակցություններ անցկացնելու համար․ «Մենք հույս ունենք, որ «Ծառուկյան» դաշինքի գործընկերները կպաշտպանեն այս դիրքորոշումը»:
«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն ասաց՝ Արտակ Զեյնալյանի թեկնածությունը սատարել - չսատարելու վերաբերյալ դիրքորոշում կհայտնեն քննարկումներից հետո: Հարցին՝ խմբակցությունը առանձին թեկնածուով հանդես գալու ծրագրեր ունի՞, Էնֆիաջյանը պատասխանեց․ «Մենք առայժմ մեր օրակարգում նման հարց չենք ներառել և չենք քննարկել: Երբ կներառենք կամ չենք ներառի, և կքննարկենք առհասարակ նման ձևակերպումների հետ կապված մեր մոտեցումները, մենք, բնականաբար, ևս կհրապարակենք»:
Նախագահի հերթական ընտրությունը, սահմանադրության համաձայն, անցկացվում է հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 40 և ոչ ուշ, քան 30 օր առաջ: Սերժ Սարգսյանի լիազորությունները ավարտվում են ապրիլի 9-ին, ԱԺ-ն նոր նախագահ կընտրի փետրվարի վերջին կամ մարտի սկզբին: